Մառան

Մառանը տան այն հատվածն է, որտեղ պահվում են գյուղատնտեսական տարբեր մթերքները, նախատեսված հետագա օգտագործման համար: Սովորաբար, մառանն իրենից ներկայացնում է մեծ հոր՝ բերանը ծածկված, սվաղված, ամուր պատերով: Հաճախ մառան դարձնում էին նաև տան ստորին, չբնակեցված հատվածը: Այստեղ պահում էին ձմեռն օգտագործելու համար նախատեսված մթեքները՝ չորացրած մրգեր, բանջարեղեն, միս և, իհարկե, գինու և մրգային օղու բազմապիսի տեսականի, որոնք ավանդաբար պատրաստվում էին յուրաքանչյուր տնտեսությունում:

Էթնո-գյուղում առկա ավանդական մառանում, որն այժմ վերափոխվել է գինու մառանի, հյուրերը կարող են համտեսել գինու տեղական տեսակները, հանրահայտ թթի և մրգային տարատեսակ օղիները: Գինու և օղու հետ հյուրերին կառաջարկվի ևս մեկ արցախյան ավանդական ուտելիք՝ ժենգյալով հաց, որը տարբեր խոտերից պատրաստված կարկանդակ է: Նախնական պայմանավորվածության համաձայն, հյուրերի համար կարող է կազմակերպվել արցախյան ավանդական ճաշ- խորոված՝ մսի տարբեր տեսակներից, մանղալի վրա պատրաստված  բանջարեղեն, տեղական ավանդական թթու, ինչպես նաև կուրկուտ և խաշ: Իսկ ահա երեկոյան, թթենիների սաղարթների տակ նստած հյուրերին կառաջարկվի սովորական կամ բուժիչ խոտերից պատրաստված թեյ անմիջապես ինքնաեռից: